"Հարկերի մասին" ՀՀ Օրենքով սահմանված է, որ հարկատուն ներկայացնում է հաշվետվությունները, այլ ոչ թե հարկային մարմինը ընդունում է դրանք: Հաշվետվություն ներկայացնելով հարկատուի հաշվետվություն հանձնելու պարտավորությունները համարվում են կատարված:
Գոյություն չունի ոչ մի իրավական ակտ, որը պարտավորեցնում է հարկատուին հաշվետվությունները ներկայացնել անձամբ: Այդ պահանջը արդեն իսկ օրենքի խախտում է:
16 փետրվարի 2006 թվականի N 471-Ն ՀՀ Կառավարության որոշմամբ, սահմանվել է հաշվետվությունները փոստով ներկայացնելու պարզեցված ընթացակարգ, որում հստակ ներկայացված են այն դեպքերը, երբ եւ ինչ հիմնավորմամբ է հաշվետվությունը հետ ուղղարկվում հարկատուին:
Համաձայն վերջինիս նամակները չեն ընդունվում հարկային տեսչության կողմից, եթե ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից նամակի ընդունման օրը հավաստող օրացուցային կնիքի արտատիպը բացակայում է կամ վնասված է, կամ բացահայտ անընթեռնելի է, ինչպես նաեւ այն ծրարները, որոնց վրա բացակայում է հետադարձ հասցեն:
Փոստով ուղղարկված հաշվետվությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ հետ են վերադարձվում հարկ վճարողին` փոստի միջոցով կամ առձեռն` հարկ վճարողի կողմից հաշվետվությունների հետստացման վերաբերյալ ստորագրությամբ, եթե հարկ վճարողը իր հաշվառման հարկային տեսչության փոխարեն հաշվետվությունները ներկայացրել է այլ հարկային տեսչություն:
Եթե բացակայում է պարունակության նկարագրությամբ թերթիկը, ապա փոստի միջոցով ներկայացված բոլոր հաշվետվությունները հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ փոստի միջոցով կամ առձեռն` համապատասխան հիմնավորմամբ հետ են վերադարձվում հարկ վճարողին:
Ընդ որում, հաշվետվությունները հարկ վճարողին հետ վերադարձված չեն համարվում, եթե նամակում բացակայում է հարկային տեսչության անվանումը, կնիքը եւ ամսաթիվը:
Եթե հաշվետվության մեջ բացակայում են` հարկ վճարողի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են հաշվետվությունները, օրենսդությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի եւ (կամ) գլխավոր հաշվապահի ստորագրությունը եւ (կամ) կնիքը, ապա հաշվետվությունը համարվում է չներկայացված, եւ հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ դրա մասին փոստով տեղեկացվում է հարկ վճարողին:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ հաշվետվությունները պետք է ներկայացվեն միայն պատվիրված նամակով: